ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
21.07.2015 | 00:28

Ես կրկին ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկին Հայաստանում և իմ գոհունակությունն եմ հայտնում մեր այսօրվա զրույցի վերաբերյալ: Նմանօրինակ հանդիպումները լավ հնարավորություն են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, մեզ հուզող բազմաթիվ հարցերի շուրջ մտքեր ու գաղափարներ փոխանակելու համար:
Մենք շահագրգիռ ենք, որ պարոն Տուսկի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել, ինչը, վստահ եմ, կնպաստի մեր միջև ձևավորված երկարամյա կառուցողական երկխոսությանը:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Դա վկայում է, որ առկա են երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա կառուցում ենք զարգացման մեր ուղին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ: Այդ են վկայում ինչպես մեր ակտիվ փոխգործակցությունը եվրոպական երկրների հետ երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը:
Անդրադառնալով մայիսի 21-22-ը կայացած Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովի արդյունքներին` մենք գոհունակությամբ նշեցինք, որ Ռիգայում ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ ԵՄ և գործընկեր երկրների միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը:
Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:
Մենք նաև կարևորեցինք, որ գագաթաժողովի մասնակիցները վերահաստատեցին ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և 2009-ից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին, ինչը ևս մեկ անգամ վկայում է լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին:
Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել այդ հիմնախնդրի էությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկվում, ավելին՝ ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում: Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով:
Անշուշտ, անդրադարձանք նաև այս օրերին համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր իրադարձությունների և համոզմունք հայտնեցինք, որ այդ իրադարձությունների բարեհաջող ընթացքը իր դրական դերակատարությունը կունենա ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության, կայունության և համագործակցության ամրապնդման գործում։ Մեր երկրի առաջնահերթ շահերից է բխում հարևան Իրանի Իսլամական Հանրապետության բնականոն զարգացումն ու լիարժեք ներգրավվածությունը միջազգային գործընթացներում: Անշուշտ, մենք ցանկանում ենք, որպեսզի մեր դարավոր բարեկամ Հունաստանը օր առաջ կարողանա լուծել իր առջև ծառացած բարդագույն խնդիրը: Ավարտելով խոսքս՝ նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի այցը լավագույնս վկայում է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա են ընդհանուր ըմբռնում և փոխադարձ հետաքրքրություն` խորացնելու առկա կապերն ու շփման ձևաչափերը:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ